Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Նա այն գրողներից է, որ մեզ հետ է մանկությունից։ Անգամ կարդալ չիմացող երեխան գիտի նրա ստեղծագործությունները, քանի որ աշխարհի հետ առաջին ծանոթությունները հաճախ կատարվում են հենց նրա գրվածքներով։ Հենց այս ամենն է, որ Թումանյանին դարձնում է մերը՝ Ամենայն հայոցը։ Իսկ ինչպիսին էր Թումանյան մարդը, հասարակական գործիչն ու հայը , ինչ սովորություններ ուներ․ այս ամենի մասին պատմում են ժամանակակիցների հուշերը։
Կարդալով Թումանյանի մասին հուշերը` համոզվում ես, որ նրան հանգամանորեն ներկայացնում են որպես գրող ու հասարակական գործիչ, բայց առանձնապես չեն անդրադառնում նրա անձնական կյանքին: Իհարկե, սա ուներ իր բացատրությունը, որը լավագույնս ձևակերպում է Զորյանը.‹‹Եվ կարելի է ասել, որ նա այդ օրերին, գիրն ու գրականությունը և իր անձնական վիշտը (երկրորդ որդին անհետ կորել էր պատերազմի դաշտում) մոռացած, տարվել էր հասարակական-քաղաքական գործերով››։ Արտավազդ որդու մահն անձնական կյանքի միակ հիշատակությունն է նաև Վահան Թոթովենցի, Դերենիկ Դեմիրճյանի՝ Հովհաննես Թումանյանին նվիրված հուշերում: Թոթովենցն այս մասին գրում է. ‹‹Թիֆլիսում, 1916 թվականին, ես անձնապես ծանոթացա Թումանյանին: Նրա Արտավազդ որդին, որ մթին կերպով կորավ պարսկական ձորերում, դարձավ իմ ամենամտերիմ ընկերներից մեկը››:
Զորյանն իր հուշերում շեշտը հատկապես դնում է Թումանյանի հասարակական գործունեության վրա։ Սա շատ բնական է, քանի որ Թումանյանի ժամանակակիցներն ու հաջորդները նրան բնորոշել են որպես հայ իրականության ամենահասարակական գրող. նա իր կյանքի որոշակի շրջանում ավելի շատ եղել է հասարակական գործիչ, քան` գրող:
Զորյանն առավել մանրամասն ներկայացնում է պատերազմական տարիներին Թումանյանի ծավալած հասարակական գործունեությունը: Թումանյանն այս շրջանում ամենուր էր.‹‹Գերազանցապես հասարակական խառնվածքի տեր և զգայուն մարդ` նա հանգիստ նստել-դիտել չգիտեր. մեկ տեսնում էիր գնացել է ռազմաճակատ, մեկ՝ վիրավորների մոտ, մեկ՝ Էջմիածին…››։
Գրեթե բոլոր հուշերում թռուցիկ հիշատակում է նաև Թումանյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի Էջմիածնի հանդիպման հայտնի դրվագը: Զորյանն, օրինակ, այս մասին գրում է շատ կարճ, բացի այդ, նշում է ոչ թե որպես փաստ, այլ՝ հավանական խոսակցություն, որի ոչ բոլոր մանրամասներն հայտնի են․ ‹‹Պատմում էին, թե կաթողիկոսը մերժել էր վանքապատկան ինչ-որ մի տուն ևս տրամադրել գաղթականներին: Թումանյանը պահանջել էր զայրացած: Կաթողիկոսը, բանաստեղծի այդ տոնից վիրավորված, կամեցել էր հասկացնել իր իրավունքը.
-Հիշեցեք, պարոն Թումանյան, որ ես ամենայն Հայոց կաթողիկոս եմ: -Իսկ ես` ամենայն հայոց բանաստեղծ››: Այս նույն դրվագին անդրադարձել են Թումանյանի մասին գրած շատ հուշագիրներ, բայց նրանցից ամեն մեկը դեպքը որոշակիորեն փոխում է իր կարծիքն արտահայտելու համար: Վահան Թոթովենցն, օրինակ, այս դեպքի մասին պատմելիս Զորյանի նման չեզոք չէ, ակնհայտ է նրա վերաբերմունքը ‹‹գոռոզ›› Վեհափառի (Գեորգ Ե) նկատմամբ :
Թումանյանի համար մի նոր հարված էր 1918 թվականին սկսված հայ-վրացական պատերազմը: Նա ողջ կյանքում ժողովուրդների համերաշխություն էր քարոզել, բայց այս դեպքում նա քարոզներով ոչինչ չէր կարող փոխել: Զորյանը հուշերում անդրադառնում է Թումանյանի՝ այդ օրերին ունեցած տագնապներին. ‹‹Այդ օրերին նրա վիշտն անսահման էր: Այդ պատերազմը երկու հարևան ազգերի մեջ նա համարում էր խելագարություն, տանջվում էր հոգեպես ու միջոցներ էր մտածում, թե ինչպես կարելի է դադարեցնել այն››։
Թումանյանի հասարակական գործունեությունից բացի, հուշագիրները անդրադառնում են նաև նրա գրական հայացքներին, երիտասարդ գրողների հանդեպ ունեցած վերաբերմունքին: Նա այն քիչ գրողներից էր, որ միշտ քաջալերել է երիտասարդ գրողներին, զարմանալի անմիջականությամբ հետաքրքրվել նրանց սոցիալական վիճակով: Թումանյանն իրավացիորեն կարծում էր, որ սոցիալական վիճակն իր կնիքն է դնում գրողի ստեղծագործության վրա: Զորյանը վերհիշում է Թումանյանի զրույցը երիտասարդ գրողների հետ, որոնց մեջ էր նաև ինքը.‹‹-Մի քաշվեք, տղերք, պարզ ասացեք. որովհետև ես կարծում եմ, որ երիտասարդը պիտի լավ ապրի, որ կյանքին լավ աչքով նայի, լավ բաներ գրի, առողջ բաներ գրի, թե չէ մեր գրականությունը ժանգոտել է լացի ու արտասուքի մեջ››:
Թումանյանի մեջ բոլոր հուշագիրները շեշտում են ժողովրդայնությունը։ Նա իր գործունեության բոլոր ոլորտներում սերտորեն կապված է ժողովրդի հետ: Սրա լավագույն վկայությունն այն հատվածն է, երբ նկարագրվում են Թումանյանի 50-ամյակի տոնակատարությունները.‹‹Թումանյանի 50-ամյակը, կարելի է ասել, եղավ մի երկարատև հոբելյան, մի շարունակական հանդես, որ Թիֆլիսի հայ հասարակությունը տալիս էր ի պատիվ սիրելի պոետի››: Թումանյանը վայելում էր համաժողովրդական սեր, բայց զարմանալի համեստ էր և հաճախ այդ տոնակատարությունների մասին հումորով էր խոսում: Վահան Թոթովենցը Թումանյանի մասին իր հուշերում վերհիշում է այդ օրերը և մեջբերում Թումանյանի խոսքը` ասված երեկույթներից մեկի ժամանակ.‹‹-Միտք եմ անում, միտք եմ անում և չեմ կարողանում գլխի ընկնել, թե էս ի՜նչ բան է, էս ինչու՜ են տոնում Թումանյանի 50-ամյակը, ի՜նչ մեծ բան է, նոր եմ գլխի ընկնում, որ հայ ժողովրդին քեֆ է հարկավոր, բռնել է խեղճ Թումանյանի յախիցը›› :
Ամփոփենք Թումանյանի հուշ-դիմանկարի մասին մեր խոսքը Զորյանի` Թումանյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի սեղմ խտացումը հանդիսացող տողերով.‹‹-Սիրում են նրան, ինչպես կարելի է սիրել հարազատ հայրենիքը՝ ամբողջ հոգով. որովհետև նրա ստեղծագործության մեջ ես միշտ զգում եմ հայրենի հարազատություն, հայրենի երկրի ու բնության պատկերը… Սիրում են Թումանյանին և՛ նրա համար, որովհետև նրա երկերը մշակված են բազմազան ձևերով և բարձր արվեստով, որին դեռ չի հասել և ոչ մի հայ բանաստեղծ››։
Բարսամյան Լիլիթ