Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Վայոց ձորի Ջերմուկ քաղաք։ Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնել է Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորել են քաղաքի բնակիչները և զինվորականները։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բաշխել հավատավոր ժողովրդին, մուտք գործել տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվել է Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք է բարձրացվել նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել ներկա ժողովրդին։
«Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով։ Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,- նշել է Հայոց Հայրապետը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում է ունեցել Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ։
Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է բուժանձնակազմի հետ, ծանոթացել առկա դժվարություններին։