Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կընթանան, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, սակայն մինչ այժմ դրական պատկեր չկա, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը Պրահայում էր, մենք բացահայտ ասացինք՝ եթե դուք Ադրբեջանի հետ հարաբերությունները տանեք դրական ուղղությամբ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները ևս կբարելավվեն։ Մենք դա ակնկալում ենք Երևանից։ Նման պատկեր դեռևս չկա: Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայերը ճնշում են գործադրում, ինչն արտահայտվում է գործընթացում: Ամեն ինչ կախված է Հայաստանի ղեկավարությունից: Մենք թշնամիներ չենք ուզում, այլ ընկերներ»,- Անկարայի Էսենբոգա օդանավակայանում լրագրողներին ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում կայացած հանդիպմանը քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում»։