Նոյեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:
ԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ անդամ պետությունների հետ առանձին երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը: Քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ բազմաոլորտ համագործակցությունն ունի հնարավորություն ներառելու նաև անվտանգության ոլորտը:
Գրիգորյանը կարևորել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ներուժը՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համատեքստում:
ԱԽ քարտուղարը պատասխանել է բանագնացների հարցերին՝ ներկայացրելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների որոշ մանրամասներ:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։