Հայաստանը միանշանակ դեմ է խաղաղ բնակչության թիրախավորմանը, Al-Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը։
«Մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100,000 հայեր ստպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք, որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում»,- ասել է նա։
Միրզոյանն ընդգծել է, որ Երևանը միշտ աջակցել է պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված «երկու պետություն» սկզբունքի վրա։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը և ռազմական գործողությունների դադարեցմանը։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման գործում։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։
Հայաստանի կառավարությունը 19 մլն դրամի մարդասիրական օգնություն էր ուղարկել Գազայի հատված։