ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն ադրբեջանական թեզեր է հրամցնում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նիկոլ Փաշինյանն ինքն է հանրությանն ադրբեջանական թեզեր հրամցնում: Պատահական չէ, որ շատ է շրջանառվում ՀՀ տարածքի 29 800 քառակուսի կիլոմետր ասվածը: Չի խոսում, չէ՞, օրինակ, Արծվաշենի մասին: Նա շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզեր, որոնց թվում է նաև այն, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանները ճանաչել ենք», որ «Արցախը Ադրբեջանի կազմում ենք ճանաչել»: Այլևս որևէ իմաստ չկա մեկնաբանել Փաշինյանին»,-ասաց նա:
Անդադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, որովհետև դետալացված համաձայնագրի դեպքում կարող ենք շատ քիչ հնարավորություններ ունենալ, Մանուկյանը պատասխանեց․
«Առհասարակ, մեկնաբանում են «գիծ ունեցող» մարդու մեկնաբանությունները: Եթե ես այսօր մեկնաբանեմ շրջանակային պայմանագրի մասին Փաշինյանի հայտարարությունը, նույն րոպեին կառավարության նիստին նա կարող է հայտարարել՝ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է, կարծիքը 180 աստիճանով փոխել»,- ընդգծեց նա։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ այս իշխանությունը 4 տարի շարունակ գործում է «օվերտոնի պատուհան» սկզբունքով և այդ համատեքստում է տեղավորվում նաև «անկլավների» վերաբերյալ ակնարկները:
Դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ մինչև տարեվերջ Վրաստանում պատրաստվում են խաղաղության պայմանագիր կնքել՝ Մանուկյանը նշեց. «Ինչ պայմանագիր կարող է ստորագրվել, երբ երկրիդ տարածքներն օկուպացված են, հակառակ տոնական տրամադրությունների՝ մեր զոհված զինծառայողների աճյունները մինչ օրս չեն հանվել: Այս պայմաններում ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսք լինել»:
Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է խաղաղության վերաբերյալ փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: