Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, նկարիչներ Գարեգին Հարությունյանը (GaReggin) և Հարություն Աղաբալյանը ստեղծեցին քաղաքի առաջին մուրալը (մոնումենտալ արվեստի տեսակ), ի նշան հարգանքի այն մարդկանց, ովքեր երկար տարիներ աշխատել են կարի արտադրությունում:
Արտիստների խոսքով, երբ նրանք առաջին անգամ իմացան ապագա մշակութային կլաստերի գաղափարի մասին, այնտեղ այցելելու և այդ կարևոր ու համարձակ ծրագիրը տեսնելու ցանկություն ունեցան:
Ստեղծագործելու գաղափարը ծնվեց հենց այն ժամանակ, երբ նկարիչները հայտնվեցին գործարանի նախկին արտադրամասերում։ Հետագա աշխատանքի ոգեշնչման աղբյուր հանդիսացան գործարանի նախկին աշխատակիցների իրական պատմությունները։
Կարմիր կծիկը ցույց է տալիս ժամանակների կապը՝ խորհրդանշելով տվյալ տարածքը ապրեցնելու շարունակականության գաղափարը։ Կարմիր կծիկը նաև կարի ֆաբրիկայի անցյալի, ներկայի և ապագա սերունդների միջև կապի խորհրդանիշն է:
Աշխատանքն իրականացնելու համար ընտրվեց կարի ֆաբրիկայի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքի միակ հարթ հատվածը, որն էլ ամենահարմար մակերեսն էր ստեղծագործելոիւ համար։ Բացի այդ, այդ շենքը նույնպես ժամանակին եղել է գործարանի արտադրական շինություններից մեկը ։
Հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կունենա շարունակություն, իսկ նախաձեռնությունը կոգեշնչի Հայաստանի այլ նկարիչներին, ստեղծագործել և ստեղծել նոր մուրալներ Դիլիջանում և ամբողջ Հայաստանում:
Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկան իր ողջ հարակից տարածքով նախատեսվում է վերածել ժամանակակից բազմաֆունկցիոնալ տարածքի, որտեղ կներկայացվեն ինչպես տեղական արհեստավորների արտադրությունը, այնպես էլ մասնավոր բիզնես նախաձեռնությունները։ Ծրագիրը ուղղված է ստեղծարար արդյունաբերության ոլորտում փոքր բիզնեսի զարգացմանը՝ Դիլիջանի և Տավուշի մարզի բնակիչների ներգրավմամբ։
Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է Դիլիջանի քաղաքապետարանի կողմից, IDeA հիմնադրամի համաֆինանսավորմամբ, Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը կոչվում է «Քաղաքապետերը հանուն տնտեսական աճի»:
Կարիֆաբրիկայի երեք հարկերում՝ ավելի քան 3500 քառ., իրենց տեղը կգտնեն տեղական արտադրողների արհեստանոցներ, գրադարան, ցուցասրահ, սրճարան, քովորքինգ, բիզնես ինկուբատոր, մեդիալաբ, հոսթել, հանգստի գոտիներ և այլն։ Իսկ հարակից տարածքը կվերածվի ժամանցի և հանգստի գոտիների։
Ծրագրի նպատակն է խթանել տնտեսական աճը և ստեղծել աշխատատեղեր Դիլիջան համայնքում, խթանել բիզնեսի զարգացումը, ներդրումներ ներգրավել ֆիզիկական և փափուկ ենթակառուցվածքներում, ստեղծել նոր հնարավորություններ բիզնեսի և ոչ առևտրային հատվածի համար: