Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովին Թել Ավիվում դեսպանություն բացելու Բաքվի որոշման համար: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկու երկրների համագործակցության ամրապնդումը։
«Այսօր առավոտյան խոսեցի ընկերոջս՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Իսրայելի պաշտպանական կառույցների անունից շնորհակալություն եմ հայտնում նրան՝ Ադրբեջանի խորհրդարանի կողմից Իսրայելում դեսպանություն բացելու կարևոր որոշման համար»,-ասել է Գանցը։
Ըստ հաղորդագրության, Գանցը, որն ավարտում է իր աշխատանքը Իսրայելի ներկայիս կառավարության հետ, շնորհակալություն է հայտնել Հասանովին «երկար տարիներ Իսրայելի և Ադրբեջանի միջև պաշտպանական կապերի ամրապնդմանն ուղղված գործընկերության և նվիրվածության համար»:
«Սա արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը, որը, վստահ եմ, կշարունակի զարգանալ և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»,-հայտարարել է Իսրայելի նախարարը:
Ինչպես հայտնել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների շուրջ: Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին հավանություն է տվել Իսրայելում երկրի դեսպանատան բացման մասին օրենքին: Դիվանագիտական ներկայացուցչությունը կբացվի Թել Ավիվում։