Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ համաձայնության ձեռքբերման հարցն ուշադրության կենտրոնում պահելու իմաստ չկա: Այս մասին, ինչպես հղորդում է Interfax-ը, հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին:
Մալիի խոսքով՝ Իրանը շահագրգռված չէ գործարքով, և իրենք կենտրոնացած են այլ բաների վրա: Խոսքը, մասնավորապես, Թեհրանին վերագրվող զենքի մատակարարումների և Իրանի ներքին իրավիճակի մասին է:
ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ, այնուամենայնիվ, Եվրամիության և Իրանի ներկայացուցիչների միջև շփումները շարունակվում են, բանակցությունները պաշտոնապես չեն դադարեցվել:
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Վաշինգտոնում հնարավոր չեն համարում մոտ ժամանակներս հասնել ԳՀՀԾ-ի պայմանների կատարմանը: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը նաև հայտարարել է, որ ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Թեհրանի դիրքորոշման պատճառով:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն (ԳՀՀԾ) Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին այդ պայմանավորվածությունից դուրս գալու մասին որոշում է կայացրել։ ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ: