Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանը հիշում է 25 000 մարդու կյանք խլած ողբերգության զոհերին։ Տեղական ժամանակով ժամը 11:41-ին Հայկական ԽՍՀ հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 8 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ, որբ զբաղեցրել է մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ 1 միլիոն բնակչությամբ։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ, Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ 9 բալ, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)՝ 8 բալ՝ 12 բալանոց սանդղակից։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Երևանում և Թբիլիսիում։
Տարերային աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 000 մարդ, 140 000-ը հաշմանդամ է դարձել, 514 000 մարդ զրկվել է տնից։ Տարերքը ոչնչացրել է Գյումրիի բնակֆոնդի 80 %-ից ավելին, Կիրովականում՝ շենքերի կեսը։
Ընդհանուր առմամբ, աղետից տուժել է 21 քաղաք և 350 գյուղ (որից 58-ն ամբողջությամբ ավերվել է)։ Ամբողջությամբ ավերվել է Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ ավերվել է 21 քաղաք, այդ թվում՝ Լենինականը, Ստեփանավանը, Կիրովականը։
Երկրաշարժը խաթարել է հանրապետության արդյունաբերական ներուժի մոտ 40%-ը։ Փլուզվել կամ վթարային են դարձել 210 000 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցներ, 42 հազար տեղանոց մանկապարտեզներ, 416 առողջապահական հաստատություններ, երկու թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ և մշակութային կենտրոն։ Շարքից դուրս են եկել 600 կմ ճանապարհներ։ Ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են 10 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծեր, 230 արդյունաբերական ձեռնարկություններ։
2021 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ աղետի գոտում տուժածների բնակարանաշինության կառավարական հանձնաժողովի ջանքերով 5419 ընտանիքից 5177-ի բնակարանային խնդիրը լուծվել է 67 մլրդ դրամով, սակայն ծրագրի ավարտին 28 ընտանիք մնում է անօթևան։
Օգնություն Հայաստանին ամբողջ աշխարհից
Հայաստան օգնություն է եկել աշխարհի բոլոր ծայրերից։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում հռչակվեց «պերեստրոյկա», և ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը (երկրաշարժի ժամանակ նա այցելում էր ԱՄՆ, բայց ընդհատեց այցը և ժամանեց Հայաստան) կոչ արեց Արևմտյան երկրներին օգնել Խորհրդային Հայաստանին։
Օգնություն է ստացվել 113 երկրներից և բազմաթիվ միջազգային կազմակերպություններից: Փլուզված տարածքների վերականգնման և երկրաշարժի հետևանքների վերացման համար ներգրավել են խորհրդային բոլոր հանրապետությունները, ինչպես նաև Բելգիան, Իսրայելը, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Շվեյցարիան և այլ երկրներ, որոնք Հայաստան են ուղարկել փրկարարական տեխնիկա, մասնագետներ, սննդամթերք և դեղամիջոցներ։
45 000 խորհրդային շինարարներ ուղարկվել են ավերված օբյեկտները վերականգնելու համար։ Փրկարարական աշխատանքներին, բացի կամավորներից, մասնակցել է ավելի քան 20 հազար զինվոր և սպա, փլատակների մաքրման համար կիրառվել է ավելի քան 3000 միավոր զինտեխնիկա։
Երկրաշարժից մի քանի օր անց Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն է խնդրել։
Հայ ժողովրդին սարսափելի այս օրերին աջակցում էին աշխարհի բազմաթիվ հայտնի հասարակական և մշակութային գործիչներ։ Շառլ Ազնավուրն առաջիններից էր, որն արձագանքել է հայրենակիցների վշտին։ Երկրաշարժի արդեն երկրորդ օրը նա հիմնել է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական կազմակերպությունը։
Ազնավուրը կազմակերպել է բարեգործական աճուրդներ, համերգներ համաշխարհային աստղերի մասնակցությամբ, որոնցից ստացված հասույթը փոխանցվել է Հայաստանի օգնության ֆոնդին։ Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Ազնավուրը Ժորժ Գարվարենցի հետ համագործակցությամբ գրել է Pour toi Arménie երգը, որը ձայնագրվել է ֆրանսիացի հայտնի արտիստների կողմից։
Անգնահատելի է 1988 թվականի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից հիմնադրված «Ազնավուրը հանուն Հայաստանի» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որը մշտապես աջակցել է երկրաշարժից տուժածներին և շարունակում է իր գործունեությունը։
Հայաստանն աջակցություն է ստացել բրիտանական ռոքի և մետալի լեգենդներից, որոնք հիմնել են Rock Aid Armenia բարեգործական նախագիծը՝ 20-րդ դարի ամենամեծ բնական աղետներից մեկի զոհերի համար միջոցներ հայթայթելու նպատակով։ Նախագծի հեղինակն ակտիվիստ Ջոն Դին էր, որն ի սկզբանե մեկնել էր Հայաստան՝ հեռուստատեսության համար ազետի գոտուց կադրեր նկարահանելու համար:
«Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ տեսա։ Ինձ թվում էր, որ պետք է ինչ-որ բան անել»,- ասել է Դին:
Նախագծին մասնակցել են Դեյվ Գիլմուրը, Բրայան Մեյը, Թոնի Այոմին, Փոլ Ռոջերսը, Ալեքս Լայֆսոնը, Բրայան Ադամսը, Քիթ Էմերսոնը, Ռոջեր Թեյլորը, Ռիչի Բլեքմորը, Յան Փեյսը, Իեն Գիլանը և այլք։ 1989 թվականի հուլիսին նրանք ձայնագրել են բարեգործական ալբոմ, որը ներառում էր լեգենդար Lake Palmer, Black Sabbath, Deep Purple, Led Zeppelin, Pink Floyd, Queen, Yes, Whitesnake և այլ խմբերի հիթերի քովեր տարբերակները։ Այդ հավաքածուն առաջին բարեգործական ալբոմն էր Մեծ Բրիտանիայում, որն ստացել է «Ոսկե» կարգավիճակ: Նույն 1989 թվականին թողարկվել է Rock Aid Armenia վավերագրական ֆիլմը։
Ամերիկացի հայտնի դերասանուհի Օդրի Հեփբերնը Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար նվիրաբերել է Vogue ամսագրի գովազդի նկարահանումից ստացած իր 50,000 դոլար հոնորարը։ 1980-ի վերջին Հեփբերնը գործնականում հեռացել է կինոյից, իրեն նվիրել բարեգործությանը, և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն էր:
2008 թվականին Գյումրիում կանգնեցվել է «Անմեղ զոհեր, ողորմած սրտեր» հուշարձանը՝ նվիրված 1988 թվականի ողբերգական իրադարձություններին։ 2015 թվականին Սպիտակում բացվել է երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորների հուշարձանը։ Այն ստեղծվել է Ռուսաստանի ռազմական պատմական ընկերության նախաձեռնությամբ՝ հանրային նվիրատվություններով։
Ֆիլմեր՝ 1988 թվականի սարսափելի իրադարձությունների մասին
Սպիտակի երկրաշարժի մասին մի քանի ֆիլմ է նկարահանվել։ Դրանց թվում են երեք վավերագրական ֆիլմեր, որոնք թողարկվել են ԽՍՀՄ-ում ողբերգությունից մեկ տարի անց՝ «Հայաստան. դժոխքի յոթ օրերը», «Զենքերը զանգերի վրա» և «Երկրաշարժ»։
2016 թվականին կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նկարահանել է «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվել է մի քանի երկրներում և Սանկտ Պետերբուրգի «Виват кино России» XXV կինոփառատոնում ստացել է մրցանակ լավագույն օպերատորի աշխատանքի համար։ 2018 թվականին էկրան է բարձրացել Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը 2019 թվականին Հայաստանից առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։