Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար, ադրբեջանական կողմից ավոտբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։ Այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ավելին, անհերքելի ապացույցներ կան առ այն, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Հավաքի մասնակիցների մեջ մեծամասնություն են կազմում բացառապես պետական ֆիանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներ։ Զուգահեռաբար հայատյացության պրոպագանդան անշեղորեն կատարում է իր խնդիրները՝ վառ պահելով ադրբեջանական հանրության ատելության մակարդակը»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ադրբեջանական մամուլով ու սոցիալական հարթակներով օրեցօր պետական քարոզչամեքենան սաստկացնում է ռուսական խաղաղապահ միավորման դեմ ադրբեջանական հանրության զայրույթի ու ատելության հրահրման խոսույթը։
«Նախորդիվ քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր այս փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը»,- նշել են նրանք։
Հայտարարությունում ասվում է, որ նման պայմաններում նոր ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին կոչ են անում գործադրելու հնարավոր դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու Արցախի շրջափակումն ու վերականգնելու գազամատակարարումը, դադարեցնելու վերահաս հումանիտար աղետը և երաշխավորելու Արցախում ապրող մարդկանց իրավունքները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը: