Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հայտնում են Արցախի ՊԵԿ-ից։
«Մասնավորապես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով ԱՀ օպերատիվ շտաբ են ներկայացնում վառելիքի ձեռքբերման հայտ՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման նպատակը և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք ուսումնասիրվելուց հետո ԱՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում են վառելիքի ստացման կտրոններ՝ բենզինի և դիզելային վառելքի մանրածախ վաճառքի կետերից գնում կատարելու թույլտվության վերաբերյալ:
Հաշվի առնելով վառելքի պաշարների քանակը՝ կտրոնների տրամադրման առաջնահերթությունը որոշվում է ըստ գործունեության տեսակի և անհրաժեշտության. առաջնահերթ բավարարվում են առողջապահական հիմնարկների, հատուկ ծառայությունների, հանրային տրանսպորտի, հացի և պարենային ապրանքների մատակարարման աշխատանքների անխափան կազմակերպման, հուղարկավորությունների կազմակերպման համար ներկայացված հայտերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա: