Դեկտեմբերի 15-18-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցող պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հավաքվել են 40 երկրների 243 մարզիկներ, Հայաստանը ներկայացրեց գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը, ով այս մրցաշարի ժամանակ հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի բաժինը:
Այսօր կայացավ Գրետա Վարդանյանի մրցելույթը, որտեղ մեր մարզուհին հաջողությամբ կատարեց 3 մոտեցումները և երեք մոտեցմամբ հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերըը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նա ոսկե մեդալ նվաճեց նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:
Սա աննախադեպ հաջողություն է: Շնորհավորում ենք մեր մարզուհուն՝ Գրետային, որի մեծ սպորտ վերադարձը մեկնարկել է հաղթարշավով: Դեպի Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղեր դժվար ճանապարհ կա անցնելու և մեր մարզուհուն հաջողություն ենք մաղթում:
Նշենք, որ երեկ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ պարալմպիկ մարզիկների միանվագ դրամական աջակցությունը կրկնապատկվելու է: