Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակման և դրան հետևած զարգացումների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«Արդեն հինգերորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև: Բայց ինչպես տեսնում ենք, արցախցին ծնկի չի եկել և արժանապատվորեն հաղթահարում է 21-րդ դարին անհամատեղելի ու քաղաքակիրթ մարդու համար գրեթե աներևակայելի մերօրյա գործընթացներն ու դրանցից ծնվող դժվարությունները, տառապանքները, հումանիտար հետևանքները:
Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում եմ՝
- Արցախի ժողովուրդը տարածաշրջանում խաղաղության, կայունության, ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցն ու ջատագովն է.
- Արցախի ժողովուրդը բաց է ցանկացած հարցի, խնդրի քննարկման, ազատ երկխոսության համար, տրամադրված է կառուցելու և ակնկալում է փոխադարձ իրավունքների հարգանքի հիման վրա ձևավորված կառուցողական հարաբերություններ.
- Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի, հարկադրանքի, ուժի ցուցադրման ու կիրառման սպառնալիքի գործադրումը և կոչ ենք անում վերջնականապես հրաժարվել արցախյան ազատագրական պայքարի մեկնարկի պատճառ դարձած և Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս հանդիսացող՝ Արցախը հայաթափելու գաղափարից: Միայն այդ դեպքում է խաղաղության հասնելու կամքը լինելու գնահատելի, իսկ խաղաղությունը՝ անկեղծ, իրական ու շոշափելի.
- Արցախի ժողովուրդը ընդունել է իր իրավունքների դեմ ուղղված ոտնձգությանը դիմակայելու և մեզ հասցված ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը, որոշման կայացումը կաշկանդող պայմանները.
- Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը և սփյուռքի մեր այն հայրենակիցներին, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ այս օրերին կատարվող ոճրագործության մասին բարձրաձայնում և իրազեկում են միջազգային հանրությանը, նախաձեռնում իրավական գործընթացներ, պարզապես քաջալերում և գոտեպնդում են արցախցուն.
- Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին՝ իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար: Օրեր շարունակ խաղաղապահները, առանց տեղացող սադրանքներին, ցուցադրական վիրավորանքներին ու արհամարհական վերաբերմունքին տուրք տալու հաստատակամ ու անսասան կեցվածքով կանգնած են Արցախի ժողովրդի կողքին:
Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն, շարունակելու ենք մեր պայքարը և երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է խնդիրները դիվանագիտորեն և երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: