Ադրբեջանը ճանապարհը փակել է, որ Արցախում էթնիկ զտում իրականացնի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու համար Ադրբեջանն ի՞նչ պահանջներ է ներկայացրել:
«Մեծ հաշվով՝ որևէ գաղտնի խողովակ պետք չէ՝ հասկանալու, որ Ադրբեջանը, այսպես կոչված, բնապահպանների քողի ներքո ճանապարհը փակել է, որպեսզի Արցախում էթնիկ զտում իրականացնի: Հիմնական նպատակը սա է: Հայաստանը շարունակում է աշխատել բոլոր գործընկերների հետ, որպեսզի Լաչինի միջանցը հնարավորինս շուտ բացվի, Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից և ստեղծված ճգնաժամը արագ հանգուցալուծում ստանա»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Դիտարկմանը՝ ՀՀ-ն շարունակում է Արցախի անվտանգության երաշխավորը լինել, և հարցին՝ իշխանությունն ինչպե՞ս է դա դրսևորում՝ ԱԽ քարտուղարն արձագանքեց.
«Հայաստանը շարունակում է Արցախի նկատմամբ իր պարտավորությունները կատարել: Ձեր գնահատականն է, որ իշխանությունը հրաժարվել է Արցախից: Ես ուզում եմ նաև հաշվի առնեք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովողը Ռուսաստանի Դաշնությունն է: Ես կոչ կանեի, որ ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատեր, որ ՌԴ-ն իր պարտավորությունները կատարեր՝ ապահովելով Լաչինի միջանցքի անխափան, անվտանգ երթևեկությունը: Մենք աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի Լաչինի միջանցքը հնարավորինս արագ բացվի: Ադրբեջանի այս սադրանքը էթնիկ զտման նպատակ ունի, ինչը զգոն պետք է պահի բոլորին»:
Գրիգորյանը շեշտեց, որ ճգնաժամի լուծման համար Հայաստանն օգտագործում է բոլոր գործիքները:
«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Ըստ նախարարության, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
Մանրամասները՝ տեսանյութում: