Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից փրկվածներից մեկի՝ իրավապահներին պատմած դրվագներից որոշ մանրամասներ, հայտնում է թերթը։
«Մասնավորապես, փրկված զինվորներից մեկը, որի անունը նախաքննությանը այս փուլում չվնասելու համար չենք հրապարակում, իրավապահներին հայտնել է, որ լսել է ձայներ և այսպիսի հայտարարություններ. «Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, պաժառ է»:
Այդ գոռգոռոցներից արթնացել է, բացել սենյակի դուռը ու տեսել՝ ողջ միջանցքը ծխի մեջ է, տեսել է երկու հոգու, չի հիշում՝ ովքեր էին, ու դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհան, դրսից տեսել է՝ տղաները ջարդում են պատուհանը, որի արդյունքում կարողացել են իրեն մի կերպ պատուհանի ճաղավանդակների արանքից հանել դուրս»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով հունվարի 19-ին մահացել է 15 զինծառայող, 3 զինծառայող գտնվում է հիվանդանոցում:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: