Երկու տարով Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, ըստ քաղաքագետ Դավիթ Հարությունովի, իրավիճակի վրա ազդելու ռեալ, լայն մեխանիզմներ չունի, արդյունավետությունը կարող է ցածր լինել:
Դավիթ Հարությունյանը Armenia Today-ի հետ զրույցում տարբեր կողմերից դիտարկել է առաքելության նշանակությունը, դերն ու արդյունավետ լինելու հնարավորությունը:
«Նախ պետք է ընդգծել, որ տարածաշրջանում ԵՄ-ն շարունակում է մրցակցությունը Ռուսաստանի հետ, որովհետև մինչ առաջին առաքելություն ուղարկելը սահմանային անվտանգության խնդիրները ռուսական կողմի մենաշնորհն էին: Հիմա, երբ առնվազն դիտարկում ենք առաքելության վերոնշյալ ժամկետները, կարող ենք ասել, որ այդ մրցակցությունը շարունակվում է, ինչ-որ տեղ նաև խորանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով ԵՄ որոշմանը:
«Մյուս կողմից կա մեկ այլ գործոն. փորձ է արվում հայ-ադրբեջանական սահմանին նոր լոկալ կամ ոչ այդքան լոկալ կոնֆլիկտ թույլ չտալ: Իհարկե, առանձին խնդիր է, թե այդ առաքելությունն այս իմաստով որքանով էֆեկտիվ կլինի»,- նկատեց քաղաքագետը:
Հարցին՝ առաքելությունը կարո՞ղ է ազդել Բաքվի գործողությունների և հռետորաբանության վրա, նա պատասխանեց. «Սա հենց այն հարցն է, որն անմիջականորեն կապ ունի այդ առաքելության արդյունավետության հետ: Այն դիտորդական առաքելություն է, իրավիճակի վրա ազդելու լայն մեխանիզմներ չունի: Կարծում եմ՝ ազդեցություն կլինի, բայց ոչ այդքան մեծ: Այսինքն, եթե խոսքը լոկալ միջադեպի մասին է, առաքելությունը կարող է խանգարել Ադրբեջանին: Բայց եթե ադրբեջանական կողմը որոշի լուրջ ու համեմատաբար խոշոր գործողություն իրականացնել, որն Ադրբեջանի տեսանկյունից ինչ-որ ռազմավարական նպատակներ կհետապնդի, չեմ բացառում, որ կարող են անտեսել առաքելության ներկայությունը: ԵՄ առաքելությունը, որպես գործոն, որոշակի դրական ազդեցություն կարող է ունենալ, բայց մեխանիզմների ու էֆեկտիվության հետ կապված խնդիրներ ունի»:
Քաղաքագետի խոսքով՝ ավելի արդյունավետ կլիներ, եթե նեղ դիտորդական առաքելության փոխարեն սահմանին ռեալ ուժային բնույթի առաքելություն լիներ:
«Ցանկացած առաքելության չափանիշն իր էֆեկտիվությունն է․ այն, թե որքանով կարող է խանգարել հնարավոր էսկալացիային: ԵՄ ներկայությունը սահմանին քաղաքական առումով որոշակի ճնշում է Ադրբեջանի վրա: Միևնույն ժամանակ, այդ առաքելությունն իրավիճակի վրա ազդելու ռեալ մեխանիզմներ, ռեալ ուժային լծակներ չունի, որոնցով կարող է պարտադրել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները»,- ընդգծեց քաղաքագետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Ըստ ԵՄ խորհրդի հայտարարության՝ առաքելության առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից:
Աննա Բադալյան