Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատել Հայաստան Ադրբեջանի հետ սահման ուղարկելու մոնիթորինգային առաքելության վրա: Այս մասին հունվարի 24-ին РБК-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հարցումով դիմել է ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ, Կազմակերպության բարձրագույն մարմին) մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ:
«Երևանին այլ աջակցություն ցուցաբերելուց բացի» դա ենթադրում է ՀԱՊԿ ժամանակավոր մոնիթորինգային առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման և որոշում է նման առաքելության քանակը, մանդատը և աշխատանքի ժամկետները։ Նախագիծը «գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանի, սակայն այդ փաստաթուղթն ընդունել ՀԱՊԿ ՀԱԽ վերջին նստաշրջանում չի հաջողվել»: «Դրա վրա աշխատանքը շարունակվում է։ Համաձայնեցման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը», — նշել է Զայնետդինովը՝ հայտարարելով, որ թվաքանակով և ժամկետներով կոնկրետ թվեր նշելն այժմ վաղաժամ է։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որի առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։