Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն հիմնելու որոշմանը:
«Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու տարածաշրջանում խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներին: Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասի խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները: Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»-ընդգծել են գերատեսչությունում՝ շեշտելով, որ ԵՄ-ն վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի, և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում:
«Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնալու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ «գետնի վրա»»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:
Անդրադառնալով պաշտոնական Երևանին՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է. «Արձանագրում ենք, որ տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ տարվող աշխատանքը, Երևանում նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում շահագրգռվածությունը պահպանվի, ապա ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում կարող է օպերատիվ ծավալվել: Ինչպես նախկինում, հիմա էլ կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական իրականացումն է: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Ըստ ԵՄ խորհրդի հայտարարության՝ առաքելության առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից: