Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Այս մասին հաղորդում է ԱՆ-ն:
«Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող:
Օրերս հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է 15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով առաջին անձը:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):