ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական, բժիշկ Դավիթ Պետրոսյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Կառավարության այսօրվա որոշմանն, ըստ որի՝ 2027թվականից բոլոր քաղաքացիների համար պարտադիր կդառնա առողջապահության համապարփակ ապահովագրությունը։
«Խոսքն, ըստ էության նրա մասին է, որ մարդիկ իրենց աշխատավարձի ինչ-որ մասը պետք է հատկացնեն առողջապահական ապահովագրությանը»,- ասաց Պետրոսյանը,- սակայն հիմնական հարցն այստեղ այն է, թե աշխատավարձից ինչ-որ տոկոսներ վճարելով՝ ստանալո՞ւ են արդյոք անհրաժեշտ բուժօգնությունը և ի՞նչ որակի է այն լինելու։
«Այն, որ այդ ապահովագրական համակարգը պետք է լինի և գործի, կասկած չկա. դա անպայման պետք է լինի։ Ուրիշ երկներում դա հենց այդպես էլ գործում է, ուղղակի կան երկրներ, որտեղ շատ է դրված այդ ապահովագրական մասնաբաժինը: Օրինակ, ԱՄՆ-ում առողջապահությունն ամբողջությամբ ապահովագրական է, իսկ, օրինակ, Մեծ Բրիտանիայինն՝ այդպես չէ։ Այնտեղ կան մասնավոր բժշկական կենտրոններ, բայց բոլոր մարդիկ ներգրավված են իրենց ազգային առողջապահական համակարգում և պետությունը նրանց տրամադրում է անվճար բուժօգնություն»,- նշեց Պետրոսյանն՝ ընդգծելով, որ համաշխարհային փորձը տարբեր է լինում և չպետք է կենտրոնանալ որևէ երկրի վրա։
Մասնագետի դիտարկմամբ՝ այս տարիների ամբողջ դիկսուրն այն մասին էր, թե ինչպե՞ս պետք է ներդրվի այդ համակարգը, որքա՞ն տոկոս հատկացվի քաղաքացիների աշխատավարձից և այլն։
«Հիմա էլ մենք ունենք ապահովագրություն։ Հիմա պետություն ասում է՝ այս-այս հիվանդությունների ժամանակ ես եմ հոգում առողջապահության ծախսերը, ինչպես նաև հաշմանդամների, նպաստառուների, սոցիալական տարբեր խմբերի հարցում է աջակցում, այլ դեպքերում համավճարով կամ այլ վճարներով է դա արվում։ Այսինքն՝ ինչ-որ առումով այդ ապահովագրությունը Հայաստանում կա, բայց այժմ խոսքը համապարփակ ներդրման մասին է, այսինքն՝ որ բոլորն անխտիր ունենան իրավունք՝ հիվանդանալու դեպքում օգտվելու ապահովագրական համակարգից։ Դա է հիմանական խնդիրը, որը քննարկվում է»,- նշեց բժիշկը։
Հաջորդ հարցն, ըստ մասնագետի, այն է, թե դա ամբողջապես պետական պետք է լինի, թե՞ մասնավոր ապահովագրական ընկերությունները ևս կկարողանան այդ պարտադիր ապահովագրական ֆինանսավորումների գործընթացներին մասնակցել։
Պետրոսյանի ընդգծմամբ՝ հիմնական խնդիրն, այնուամենայնիվ, հասարակության իրազեկվածության և անհրաժեշտ մասնագիտական ու հանրային քննարկումների կազակերպումն է։ «Մեկ խնդիր էլ կա։ Ենթադրենք՝ վաղվանից ներդրվեց, մարդիկ սկսեն իրենց աշխատավարձից ինչ-որ տոկոսներ վճարել, կամ կան մարդիկ, որոնք մինչև հիմա չէին օգտվել, և միանգամից գնում են մեր բուժհաստատություններ՝ արդյո՞ք միանգամից կլինի որակյալ բուժօգնություն, թե՞ կսկսվեն հերթագրումներ և այլն։ Այդ ամենը պետք է հաշվի առնվի»,- ընդծեց նա։
Փորձագետի կարծիքով՝ պետությունն անհրաժեշտ իրազեկվածության ապահովման միջոցով, այնուհանդերձ, կկարողանա 2027-ին ներդնել այդ կարևոր առողջապահական նախագիծը։ «Դեռ 4 տարի առջևում կա, կարելի է գրագետ կազմակերպել։ Օրինակ՝ քովիդի ժամանակ մեր բնակչության հետ քիչ աշխատանք տարվեց քարոզչության տեսանկյունից, պատվաստումների հարցում ևս աչքաթող արվեց, բավականին մեծ խնդիրներ ունեցանք»,- ընդգծեց նա։ Ըստ նրա՝ պետությունը պետք է նախատեսի քարոզչական անհրաժեշտ աշխատանքները, մարդկանց դրա մասին տեղյակ պահի, թե ինչն է նրանց համար ընդունելի ու անհրաժեշտ, ինչպես նաև ապահովի կազմակերպիչների և հանրության միջև հետադարձ կապը։
«Ես չեմ տեսել, որ պետությունը կազմակերպի, դիմի լրատվամիջոցներին, լրագրողներին, ասի՝ եկեք անենք թրեյնինգներ կապված նրա հետ, թե ի՞նչ հարցեր են հուզում հասարակությանը, ինչպե՞ս ներկայացնել մարդկանց, որ նաև մենք ինքներս՝ որպես լրագրողներ, այդ մասին տեղյակ լինենք»,- նշեց Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ նման սեմինար առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոյսանն էր կազմակերպել, որը շատ լավ անցավ և նախարարն անգամ տարբեր հարցերի հետ կապված լուրջ «ճնշման» ենթարկվեց լրագրողների կողմից։
Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու հարցին։ Որոշումն ընդունվեց փետրվարի 2-ի նիստում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ 2023 թվականին կիրականացվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Նախնական փուլում կհաստատվեն փաթեթների գները, որոնք չեն հաշվարկվելու մարդու եկամուտներից որոշակի տոկոսով, այլ ունենալու են հաստատուն արժեք, ինչպես նաև կհստակեցվի պետության կողմից ֆինանսավորման չափը։
2024 թվականից կհավասարեցվեն պետպատվերով բոլոր ծառայությունների գները, դրանք կլինեն նույնական, ինչը կօգնի, որ չլինի խառը, մասնատված համակարգ։ 2025 թվականին ծրագրում կներգրավվեն թոշակառուները։ Բժշկական ապահովագրության համակարգը բոլոր քաղաքացիների համար պարտադիր կդառնա 2027 թվականից։