Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Բրյուսելի որոշմանը։ Լուազոն խոսել է նաև ԵՄ առաքելությունում և ընդհանրապես խաղաղության գործընթացում Ֆրանսիայի դերի մասին։
«Ես վճռականորեն աջակցում եմ այս նոր առաքելությանը` ավելի լայն շրջանակներով և չափերով: Ուրախ եմ, որ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։ Առաքելությունը կգործի փետրվարի 20-ից, և ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը։ Այն կլինի մեր աչքերն ու ականջները տեղում, և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները: Ես կարող եմ միայն հուսալ, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ»,-հայտարարել է Լուազոն։