Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետին և Լատվիայի նախագահին։
Խորվաթիայի վարչապետի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Խորվաթիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը ևս շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանն արգելափակել է նաև էլեկտրամատակարարումը, լուրջ խնդիրներ են առկա գազի մատակարարման հետ կապված: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամ: Խնդրի լուծման հարցում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:
Փաշինյանը նաև հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին:
Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի կոչելու գործում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցին մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ:
Երկուստեք կարևորվել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում: Կողմերը հույս են հայտնել, որ այն կնպաստի կայունությանն ու խաղաղությանը:
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: