ՊՆ նախկին շենքի բնակիչները 1 ժամ ժամանակ են տվել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին իջնելու և իրենց պատասխան տալու համար, սակայն պաշտոնյան չի մոտեցել իրենց Այս մասին հայտարարել են ՊԵԿ շենքի մոտ հավաքված քաղաքացիները:
«Եթե մեկ ժամից ՊԵԿ ղեկավարը չիջնի ու մեր հարցերին պատասխան չտա, պահանջելու ենք նրա հրաժարականը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նա հիշեցրեց, որ փետրվարի 16-ից իրենց վռնդել են ՊՆ նախկին շենքի տարածքից, որն այժմ անցել է ՊԵԿ տնօրինությանը:
«Մեզ ասել են՝ ամենաուշը ուրբաթ օրը կպատասխանենք ձեզ գրավոր, սակայն մինչև այժմ պատասխան չենք ստացել»,- ասացին ցուցարարները:
Պատասխան արձագանք չստանալուց հետո նրանք պահանջել են Բադասյանի հեռանալը, պնդել են, որ լքի աթոռը:
«Այսպիսով կիմանանք, որ մեկ թուրքամետ պաշտոնյա լքել է պաշտոնը, թող իր փոխարեն հայամետ մեկը գա նստի»,- ասացին հավաքվածները:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում:
Մինչ օրս տունը կորցրած քաղաքացիները գիշերում են շենքի հարակից տարածքում տեղակայված վրանների մեջ: