Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրվելուց հետո լուրջ մտահոգություն է հայտնում և կողմերին զսպվածության և ապաէսկալացման ուղղությամբ քայլերի կոչ է անում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5 – ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որը մարդկային զոհերի է հանգեցրել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան կողմերին զսպվածության և ապաէսկալացման ուղղությամբ քայլերի կոչ է անում, ինչպես նաև հաստատում է հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը: Զախարովան ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ կողմերի միջև շփման ընթացքում՝ խաղաղապահների հովանու ներքո։
«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի՝ բանակցությունների շուտափույթ վերադարձի հրամայականությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11 – ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման շրջանակներում, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ», – եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: