Թուրքիայում երկրաշարժերից վնասը ներկայում կազմում է մոտ 80 մլրդ դոլար, տուժած նահանգները սկսել են 40 տոկոսով ավելի քիչ արտադրանք արտադրել արտահանման համար։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ չորեքշաբթի հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վահիթ Կիրիշչին։
«Այն, ինչ տեղի ունեցավ, մեզ համար շատ ցավալի իրադարձություն դարձավ։ Մոտավոր վնասը կազմում է 80 մլրդ դոլար: Միայն երկրաշարժերի հետևանքով ջրային ռեսուրսների վարչության վնասը կազմում է 22 մլրդ լիրա (1,15 մլրդ դոլար)», – նախարարի խոսքը մեջբերում է «Դեմիրորեն» գործակալությունը: Կիրիշչին նշել է, որ միայն ջրային ռեսուրսների կառավարման ֆինանսական կորուստները կարող են էլ ավելի մեծանալ, երբ ժամանակն է սկսել ցանքատարածությունները ջրել ճնշման տակ գտնվող ջրամատակարարման համակարգով: «Մեզ դեռ հայտնի չէ, թե որտեղ է վնասվել այդ համակարգը», – պարզաբանել է նա։
Երկրաշարժը հարվածել է նաև թուրքական արտահանմանը։ Կիրիշչին հայտնել է, որ աղետից փրկված նահանգների մասնաբաժինը թուրքական արտահանման ընդհանուր ծավալում կազմում է շուրջ 15,5 տոկոս: Երկրաշարժերից հետո այդ շրջանները սկսեցին 40% – ով ավելի քիչ արտադրանք արտադրել արտահանման համար։ «Երկրաշարժի գոտում գտնվող 11 նահանգներից արտահանումը 2022 թվականին 2,947 մլրդ դոլարից նվազել է մինչև 1,783 մլրդ դոլար», – հայտնել է նա:
Երեքշաբթի օրը Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը հայտնել է, որ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիային հասցված վնասը կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը: Ավելի վաղ Համաշխարհային բանկը երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել էր 34,2 մլրդ դոլար, իսկ Հանրապետական տնտեսության ընդհանուր երկարաժամկետ կորուստները դեռ շատ դժվար է հաշվարկել։ Իշխանությունները ստիպված կլինեն նորից կառուցել մի քանի հարյուր հազար տուն, վերանորոգել կամ ասֆալտապատել նոր ճանապարհներ, վերականգնել ենթակառուցվածքները, էլեկտրացանցերը, ջրատարը, լոգիստիկ օբյեկտները։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: