«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրան ներկայացվել է մեղադրանք։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն:
Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նշենք, որ ՔՕ 452-րդ հոդվածի 1-ին մասը ենթադրում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը:
Արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Պետրոսյանը մեքենան վարել է անկանոն, չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ։ Պետրոսյանի փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը նշել է, որ նա որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել։
Պետրոսյանը Armenia Today-ի հետ զրույցում նշել էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա տեղեկացրել էր, որ երկու օր կալանավայրում է մնացել, որից հետո հոդվածը, որով ձերբակալել են, փոխվել է, քանի որ ազատությունից զրկելու հիմքեր չեն գտնվել: