ԶՈւ-ն Տավուշում իր համար սահմանված, նախորոշված հատվածներում կանգնած է և կատարում է իր առաջ դրված խնդիրները, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց, որ թեև ծառայությունը նոր սահմանազատված հատվածներում իրականացնում են սահմանապահ զորքերը, ԶՈւ-ն իրեն նախորոշված հատվածում իրականացնում է ի՛ր խնդիրները։
«Սահմանապահ զորքերը, որտեղ իրականացնում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, այնտեղ մենք պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն։ Այո՛, սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում ԶՈւ-ն ունի կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարելու»,- շեշտեց Ասրյանը։
Նրա խոսքով՝ ԶՈւ-ն յուրաքանչյուր ուղղությունում ունի տարաբնույթ ենթակառուցվածքներ՝ իր խնդիրների իրականացման համար։ Ինչ վերաբերում է հեռացված դիրքերին, ապա ԳՇ պետի խոսքով՝ ԶՈւ պահպանության դեպքում դիրք հասկացությունը չի նշվում։
«Զինված ուժերի պահպանության համար դիրք չեն նշում, նշում են բնագիծ, հատված, շրջան, հենակետ, իսկ ինչ վերաբերում է դիրքին, մարտավարական օղակի մասին հարց եք տալիս։ ԶՈւ ԳՇ-ն ռազմավարական խնդիրներ է լուծում, և այդ օղակում նշանակում են բանակային կորպուսի գոտի, բրիգադին նշանակում են գոտի, վաշտին նշանակում են հենակետ, գումարտակին՝ շրջան»,- պարզաբանեց նա։
Պարզաբանելով հող հանձնելու մասին հարցադրումը՝ Ասրյանն ասաց, որ ինքը քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չի լուծում։
«Ես պնդում եմ, որ այնտեղ կա սահման, որտեղ որոշվում են հանրապետության սահմանները, ես ունեմ քարտեզներ, որոնք կոչվում են աշխարհագրական քարտեզներ, այդ քարտեզների վրա արտացոլված է սահմանը։ Իսկ թե այդ սահմանի ներսում կամ դրսում քաղաքացիական անձը կամ իրավաբանական կառույցն ունի համապատասխան հողամաս, տուն, կառույց, շենք, շինություն, դա ԶՈւ գործունեությունը չէ»,- ասաց պաշտոնյան։
Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկից ադրբեջանական զորքերը դուրս չեն եկել, ինչպես նախապես հայտարարվել էր, Ասրյանը չպատասխանեց։
Ապրիլի 19-ին ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։
Մայիսի 24-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում Ղազախի շրջանի 4 գյուղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության վերահսկողության տակ է ացել։