Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է Ջերմուկ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այնտեղ նա մի շարք հանդիպումներ է անցկացրել տեղի իշխանությունների և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։
Թասմագամբետովն այցելել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից տուժած վայրեր, տեղում ծանոթացել է իրավիճակին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երեւան է ժամանել մարտի 16-ին։ Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի ղեկավարության, մասնավորապես, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից, քանի որ այդ պաշտոնն իրեն ոչինչ չի տալիս երկրի անվտանգության բարձրացման առումով։ Նա նաեւ ասել է, որ ՀԱՊԿ-ն «ինքնուրույն լքում է Հայաստանը», ինչը հայկական կողմի մոտ անհանգստություն է առաջացնում։
2022 թվականի նոյեմբերի 23-ին Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի նախագիծը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների նախագիծը։ Երեւանը հրաժարվել է նաեւ Հայաստանի տարածքում նախատեսվող ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների անցկացումից։