ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել ուղիղ շփումները հարաբերությունների կարգավորման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա վստահություն է հայտնել, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները խաղաղություն ապահովելու համար։
«Տեղեկություն եմ ստացել հայ – ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին (ապրիլի 11-ին- խմբ. Armenia Today)։ ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև հաղորդակցություն լինի, և կանխվի նման միջադեպերը։ Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի նման երկխոսություն և հաղորդակցություն տեղի ունենա», – հայտարարել է Օսմանին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու կողմերի համար էլ կարևոր է խաղաղությունը։ «Ես կողմերին կոչ եմ անում մեխանիզմներ օգտագործել խաղաղության ապահովման համար։ Բոլոր հակամարտությունները, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին», – նշել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Օսմանիին պատմել էր Հայաստանի հետ պայմանագրի շուրջ աշխատանքի մասին: Ալիևը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը «ընթանում է երկու ուղղությամբ՝ Ղարաբաղի հայերի վերաինտեգրում և Հայաստանի հետ բանակցություններ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ»:
ԵԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր ապրիլի 10-13-ը Վրաստան, Ադրբեջան և Հայաստան իր ղեկավարի այցի մասին: «Ուղևորությունը կկենտրոնանա Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրների լուծման և երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության խթանման վրա», – նշվում էր հաղորդագրության մեջ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 11-ին հայտնել էր, որ Ադրբեջանը, այդ թվում՝ ականանետերից, գնդակոծել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողներին: Հայաստանը դիմել է պատասխան գործողությունների։ Գերատեսչության տվյալներով՝ զոհվել է 4 հայ զինվորական, ևս 6 — ը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել Է զոհվածների անունները։
Armenia Today-ի ապրիլի 11-ի գնդակոծության մասին պատմել են նաև Տեղ գյուղի երկու բնակիչներ։ Նրանք նշել են, որ այն սկսել են ադրբեջանցի զինվորականները։