Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ ադրբեջանցի զինվորը իր ծառակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս համածառակաիցների կողմից ճնշումների ու նվաստացումների ենթարկվելու պատճառով։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակներում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան վերադարձնել»,-հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ, ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ։ «Այս համատեքստում կան շատ քննարկումներ, թե ինչպես են այդ զինվորները այդպես անարգել հատել սահմանը, հասել են ինչ-որ տեղեր, իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի, և պետք է հետևություններ արվեն»,-ընդգծեց կառավարության ղեկավարը։
Վարչապետը հիշեցրեց նաև, որ մարտի կեսերին տեղի ունեցած դեպքը, երբ Հայաստսնի զինված ուժերի զինծառայողը մոլորտվել էր, և մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրն անհայտ էր, հետո նա մոտավորապես 24 ժամ հետո էլի վերադարձավ։ «Եթե նրա հատման և մոլորվելու վայրն ենք դիտարկում, և նրա վերադարձի, արդյունքում պարզվեց, որ նա մի շատ երկար կիլոմետրեր է կտրել և ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով եկել, վերադարձել է Հայաստան։ Նկատի ունեմ տեղանքի առանձնահատկություններից, կտրտվածությունից լինելով կարող է այդպիսի դեպք լինել, չնայած պետք է քննվի, որի արդյունքները օգտագործվեն որպես հետևություններ սահմանային անվտանգության ապահոման համար»,-ընդգծեց վարչապետը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Նախիջևանում ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել Շահբուզի շրջանի ուղղությամբ և որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: