2022 թվականին լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննում իրականացնող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի 4 տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամը քաղաղացի Ռ.Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ստացել է խոշոր չափի՝ 4500 ԱՄՆ դոլար կաշառք, հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության` Երևանի բնակիչներ՝ ամուսիններ Ք.Ա.-ն և Ա.Պ.-ն, իրենց որդուն՝ Ռ.Պ-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով դիմել են Տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ, քիթ-կոկորդ-ականջաբան Ք.Տ.-ին: Վերջինս գործընթացը բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա կազմակերպելու նպատակով, պահանջել է խոշոր չափի՝ 1 մլն 777 հազար 185 դրամին համարժեք՝ 4500 ԱՄՆ դոլար կաշառք:
Ըստ գործի նյութերի՝ կաշառքի գումարը փոխանցելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի անդամ Ք.Տ.-ի ամուսին Հ.Պ.-ն և Ռ.Պ.-ի հորեղբայր Ար.Պ-ն, որից հետո 2022 թվականի նոյեմբերի 27-ին գումարը փոխանցվել է Ք.Տ.-ին:
2023 թվականի փետրվարի 2-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ք.Տ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Հսկող դատախազը 2023 թվականի ապրիլի 20-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: