Ռուսաստանը Ղարաբաղի հարցով միջնորդի գործառույթներ է իրականացնում և Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն Է ակնկալում: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։: Նա հավելել է, որ Մոսկվան կշարունակի շփումները Բաքվի և Երևանի հետ:
«Բառացիորեն նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Հաղթանակի օրվա կապակցությամբ գտնվում էր Մոսկվայում։ Ադրբեջանական կողմի հետ շփումները ևս շարունակվում են»,-ասել Է Պեսկովը:
Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի իրականացնել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով։
«Մենք, իհարկե, կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում և կոչ ենք անում չկիրառել որևէ գործողություն, որը կարող է լարվածության աճի հանգեցնել»,-ընդգծել Է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի կապեր պահպանել և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։