Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղն առաջիններից էր, որ զգաց Ադրբեջանի ագրեսիան սեպտեմբերի 13-ին։ Armenia Today-ն իր ռեպորտաժում պատմում է, թե ինչպես է այժմ ապրում գյուղը։
Համայնաբնակ Հարություն Ղզրոյանը պատրաստվում էր կարտոֆիլի բերքահավաքին, այն էլ ադրբեջանական «գրադն» իրենից շուտ տեղ հասավ: Շախմատաձև հարվածների հետևանքով բնակիչների բերքը, տունը, հույսերն ու ապագան է վնասվել:
«Դա եղել է գիշերվա 12:05 րոպեին, առաջին հարվածը եղել է տներին, հետո «չաստի» վրա: Մի պահ լռում էին, նորից գյուղին էին խփում: Հետո սկսեցին տները ռմբակոծել»,- ասաց Ղզրոյանը:
Կրակոցները չեն դադարել մինչև հաջորդ լուսաբաց, սակայն Սոթքի բնակիչներն այժմ էլ գյուղ վերադառնալ չեն շտապում: Պատերազմը սկսվելուն պես վնասվել են էլեկտրաէներգիայի հաղորդալարերը և գազատարը: Մալուխների վերականգնողական աշխատանքներն ընթացքում են, իսկ գազատարի նորոգումը դեռ չի սկսվել:
Բնակիչներն ասում են՝ տարհանվել են փոքր երեխա ունեցողները կամ նրանք, ում առողջական վիճակը վատ է: Իսկ մարդիկ, ովքեր անասուններ ունեն կամ տանը թանկարժեք իրեր, վախենում են, որ գողություն կանեն, մնացել են տանը, չեն հեռանում:
Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետևանքով Սոթքն ամենից շատ վնաս կրած բնակավայրն է Գեղարքունիքի մարզում։ Այստեղ բազմաթիվ տներ մասնակիորեն են ավերվել, իսկ որոշներն ապրելու համար այլևս պիտանի չեն:
Սոթքեցի Մհեր Կարապետյանն Armenia Today-ին ասաց, որ ոչ ոք չի պատրաստվում հեռանալ գյուղից:
«Իրենց տունն է, իրենց օջախն է, ո՞նց միանգամից գնան… բայց պայման ու անվտանգություն էլ պետք է լինի: Ո՞վ է ուզում գնալ, գնալու մասին խոսք չկա՛»,- նշեց նա:
Կութը, Ազատը, Նորաբակը, Սոթքը թշնամու ուղիղ նշանառության տակ են այն բանից հետո, երբ Դագաղ սարն ու շրջապատված մյուս բարձունքները 44 պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցան:
Դպրոցը, մանկապարտեզը, խանութները դեռ չեն աշխատում: Գյուղն ընդհանուր առմամբ լուռ է: Այս օրերին լսելի են միայն անասունների վաճառքի մասին խոսակցությունները և բնակիչների հոսանքազրկված սառնարաններից դուրս եկած սննդով կշտացած շների հաչոցները:
Բնակիչները մեզ պատմեցին, որ 44-օրյա պատերազմից հետո միջդիրքային հրաձգության ձայները գյուղացիները երբեմն լսել են, բայց հրետանային կրակ երկու տարվա ընթացքում առաջին անգամ էին տեսնում:
«Այսօրվա կառավարությունն ասում է, մենք պետք է կռվենք, այսինքն՝ կռվենք-մահանանք՝ հողերը տանք, մենք չենք կարող հաղթել, բայց պետք է կռվենք, մահանանք, որպեսզի դա լինի փաստ, որ չկարողացանք դիմադրել»,- ասաց Սոթքի մի բնակիչ: Մեկ այլ գյուղացի էլ պատմեց, որ իր հաշմանդամի սայլակից մի քանի անգամ թռել է գետնին, երբ հրետակոծել են գյուղը:
«Մի հատ պատգամավոր չմտաց ստեղ, որ ասի՝ ժողովուրդը ոնց է»,- բողոքեց նա:
Համայնքային իշխանությունը մարդկանց վստահեցրել է, որ բոլոր վնասները կփոխհատուցվեն և արագ կվերականգնվեն: Ինչպես Armenia Today-ին հայտնեց Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը հրավիրած ասուլիսի ժամանակ՝ այժմ գնահատվում է համայնքին հասցված վնասի չափը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների և անհետ կորածների թիվն ԱԽ-ում ընդունած հայտարարության տվյալներով հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: