Թուրքիայի տարբեր նահանգների ընտրատեղամասերում 3 մարդ է մահացել, որոնց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակիցը։ Այս մասին հայտնել է TRT հեռուստաալիքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայրենի Ռիզեում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրական հանձնաժողովի 64-ամյա աշխատակից Շերեֆ Քուրթը նոպայի պատճառով կորցրել է գիտակցությունը և ընկել քվեատուփի վրա: Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են մահը։
Ռիզեի հարևան Տրապիզոն նահանգում 75-ամյա Այսել Ուլուսոյն իրեն վատ է զգացել՝ կորցնելով գիտակցությունը: Բժիշկները արձանագրել են, որ նա մահացել է սրտի կաթվածից։ Տրապիզոնի մերձակայքում գտնվող Գիրեսուն նահանգում 85-ամյա ընտրողը քվեատուփի մոտ հանկարծակի կորցրել է գիտակցությունը, որին փրկել չի հաջողվել։ Նա ևս մահացել է սրտի կաթվածից։
Նշվում է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, ընթանում են առանց խոշոր միջադեպերի, սակայն որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, լինում են: Հարավ-արևելքում ՝ Շանլըուրֆա նահանգում, տեղի երկու կլանների անդամների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Պատճառը տարբեր քաղաքական հայացքներն են եղել։ Նշվում է, որ վիճաբանության ժամանակ նրանք օգտագործել են քարեր և ձողեր, բայց լուրջ վնասվածքներ ստացողներ չկան։
Հիշեցնենք, որ Թուրքիայիում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ata» դաշինքի թեկնածու Սինան Օհանը։ Ըստ կանխատեսումների՝ հիմնական պայքարը կծավալվի Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Հաղթելու համար պետք է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին։ Մինչ այս տեղի քաղաքագետները չեն բացառել Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացման երկու փուլը։ Նման սցենարի դեպքում հաղթող կճանաչվի ձայների պարզ մեծամասնությունը հավաքած թեկնածուն: