Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք, «CNN primanews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ միայն թվում է, թե հնարավոր է խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը։
«Թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք, քանի որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»,- հավելել է նա: