Դատարանը կալանավորել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել երկու քրեական հոդվածով՝ զենքի ապօրինի շրջանառություն և խուլիգանություն։
Նախօրեին՝ հունիսի 22-ին, Քննչական կոմիտեն դատարանին խնդրել էր կալանավորել Խաչատրյանին։ Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին մեղադրյալ է դարձել զենքի ապօրինի շրջանառության և խուլիգանության քրեական գործով։
Քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով:
«Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Արցախի խճուղու ավտոտեխսպասարկման կետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի բնակիչներ Արմեն Բաղդասարյանի և Տիգրան Խաչատրյանի միջև, ինչի հետևանքով վերջինս հրազենից կրակել և վիրավորել է Բաղդասարյանին», – նշել է կայքը: Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 21։40-ի սահմաններում Բաղդասարյանը հոսպիտալացվել էր։