Հունիսի 19-ին վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Սյունիքի մարզում՝ Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդու մասնկացությամբ, հայտնել է Shamshyan.com-ը: Ժամը 21:40-ի սահմաններում «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակարդակի, հավանաբար հրազենի գնդակից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ նա Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Բաղդասարյանն է, նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Արցախյան խճուղի 45 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց նրա և Տիգրան Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ պահվող հրազենով կրակել է և վնասվածք է պատճառել Բաղդասարյանին:
Կայքի տեղեկություններով՝ միջադեպը հրահրվել է «Լիսկայի» տղայի կողմից, ով ավտոտեխսպասարկման կետում, ապա դրսում տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով:
Լրատվականի տեղեկություններով «Լիսկայի» որդին կռվից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի: