Քանի որ եղանակի տեսությունը մեզնից վերցնում են նաև մեր միջազգային գործընկերները, որոշում է կայացվել միջազգայնորեն ընդունված տերմին օգտագործել, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ մեկնաբանելով եղանակի կանխատեսումների վերաբերյալ ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տարածվող հաղորդագրություններում «Արցախ» անվանումը «Լեռնային Ղարաբաղ»-ով փոխարինելը։
«Դա միջազգայնորեն ընդունված տերմին է և քանի որ մեր միջազգային գործընկերները մեզնից վերցնում են եղանակի տեսությունը, որոշում է կայացվել (որոշումը կայացվել է մի քանի օր առաջ) օգտագործել միջազգայնորեն ընդունված տերմին։ Փորձ է արվում ինչ-որ սխալ մեկնաբանություն տալ, բայց, եթե նայեք Արցախի սահմանադրության գլուխ 1, հոդված 1-ի 2-րդ կետը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են )՝ «Լեռնային Զարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» անվանումները նույնական են»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք նախարարի մակարդակով է կայացվել վերոնշյալ որոշումը Հակոբյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ դա մասնագիտական որոշում է՝ պայմանավորված նրանով, որ ՀՀ եղանակային կանխատեսումներից օգտվում են նաև միջազգային գործընկերները։