ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամներին կանչել են ՀՀ գլխավոր դատախազություն, մասին տեղեկանում ենք azdarar.am-ից։
Նրանք ծանուցում են ստացել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից։
Ռոբերտ Քոչարյանին ուղարկված ծանուցագրում նշված է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Ամփոփագրեր են կազմվել նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանին պատկանող գույքի մասով։
Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունների շրջանակում դատախազություն է հրավիրվել նաև Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելա Քոչարյանը, կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, վերջինիս կինը՝ երգչուհի Սիրուշոն։ Նշված ուսումնասիրությունների շրջանակում դատախազություն է հրավիրվել նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, վերջինիս ամուսինը՝ Վիգեն Չատինյանը, Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Բադալյանը։
Հուլիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայտնել էր, որ վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր։ Նշվել էր, որ նրանց անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Նրանք դատախազություն ներկայանալու ծանուցում էին ստացել։ ԶԼՄ-ները գրել էին, որ նման ծանուցում է ստացել նաև երգչուհի Սիրուշոն, որն այսօր՝ հուլիսի 18-ին գրառում էր արել՝ հայտարարելով, որ «5 տարի անընդմեջ փորձում են իր համար խնդիրներ հորինել, իր մասին բացասական կարծիք ստեղծել և այս օրերը բացառություն չեն»։