Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տապրակով թողնված նորածին երեխային գյուղի շները քաշելով են հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ տանտիրուհին գտել է նրան, գրում է News.am-ը։
«Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 10։30-ին: Բնակչուհին շների ձայն է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի ետնամասում հավաքված շատ թափառական շներ է տեսել, նրանց քշել է այդ հատվածից, հետո ձայն է լսել, ու դեղին տոպրակ է տեսել։ Մոտեցել է ու տեսել է տոպրակում նորածին երեխա։ նորածնին գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», – ԶԼՄ-ի հետ զրույցում ասել է Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։
Զուլոյանի խոսքով՝ երեխային մատուռից 50-60 մետր հեռավորության վրա են գտել և վարչական շրջանի ղեկավարը ենթադրում է, որ երեխային թողել են մատուռի մոտ, այնտեղից էլ շները քաշելով տան մոտ են հասցրել։
«Բարեբախտաբար, շները նորածին տղային չեն վնասել, քաշելուց տոպրակն է պատառոտվել: Երեխային հիվանդանոց ենք տեղափոխել, այնտեղ կշռել են, 1 կգ 900 գրամ էր կշռում։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել: Ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում, չեմ կարծում, որ մեր գյուղից է, երևի ուրիշ տեղից են բերել, թողել, գնացել»,- ասել է նա։
Զուլոյանը հավելել է, որ գյուղում տեսախցիկներ կան և ոստիկանները նաև դրանք են ուսումնասիրելու, որպեսզի տեսնեն կասկածելի մարդկանց կամ մեքենաների շարժը:
Ավելի վաղ հայտնել էնք, որ Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է նորածին երեխա։