Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է «Hamshen Tour» տուրիստական ընկերության զբոսավարը, հայտնում է News.am-ը։
21-ամյա Մուշեղ Էլոյանը վեց ամիս առաջ էր աշխատանքի անցել տուրիստական գործակալությունում։ Կայքի տեղեկություններով՝ Էլոյանն ամուսնացած չէր:
Հայաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավորը հոսպիտալացվել է։ «Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով մահացածները վերադառնում էին Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստան»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ վկայակոչելով իրենց հարազատներին։ «Hamshen Tour»-ը Armenia Today-ին հաստատեց, որ Գյումրի-Երևան վթարի մասնակիցներն իր զբոսաշրջային խմբից են։ Քննչական կոմիտեն Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած և 11 անձի կյանք խլած վթարի փաստով քրեական գործ է հարուցել։