Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն ու դեսպանության մի շարք ներկայացուցիչներ այսօր հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսել են հայ-չինական հարաբերությունների մասին՝ անդրադառնալով նաև օրակարգային հարցերին ու խնդիրներին։
Դեսպան Ֆան Յոնգը շեշտել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։
«Չինաստանի վիճակագրության համաձայն՝ 2022-ին Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրը կազմել է 1,43 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023-ի առաջին կեսին Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրը գերազանցել է 800 մլն ԱՄՆ դոլարը»,- ասել է դեսպանը։
Նա հայտնել է, որ 2023-ի երկրորդ կեսին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում տեղի կունենան բարձր մակարդակի այցեր, խոշոր միջազգային միջոցառումներ։
«Այս տարի լրանում է «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության 10 տարին։ Հայաստանն առաջինն երկրներից է, որն արձագանքեց այս նախաձեռնությանն ու իր մասնակցությունն ունեցավ։ Վերջին տարիներին «Մեկ գոտի-մեկ ճանապարհի» կառուցման շրջանակներում երկու կողմերի համատեղ համագործակցությունը բուռն զարգացում է ապրել՝ ցույց տալով հուսադրելի արդյունքներ։ Երկու երկրների հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ, ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, գործնական համագործակցությունը»,- շեշտել է դեսպանը։
Խոսելով Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շուրջ առկա խնդիրներից՝ նա շեշտել է․ «Չինաստանը վճռականորեն դեմ է որևէ պատրվակով ցանկացած արտաքին ուժերի միջամտությանը Հայաստանի ներքին գործերին»։
Նա ընդգծել է նաև, որ չինական կողմը միշտ ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, զարգացումներին։
«Չինաստանն իր մտահոգությունն է հայտնում ներկայիս իրավիճակի ու հետևանքների վերաբերյալ։ Այդ հարցը պետք է լուծվի երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով։ Մենք հետևում ենք նորություններին, ու այդ հարցը մեզ համար շատ կարևոր է։ Հարցը լուծելու միակ միջոցը երկխոսությունն է։ Երկու երկրները պետք է խոսեն, հարցը խաղաղ լուծեն։ Հուսով ենք, որ համապատասխան կողմերի մասնակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը և հաղորդացությունը, համառորեն կլուծեն երկու երկրների միջև առկա վեճը։ Այս հարցը պետք է լուծվի միջազգային նորմերին համապատասխան՝ ապահովելով տարածաշրջանային խաղաղությունը, մարդկանց բարգավաճումը։ Չինական կողմն աջակցում է այդ նպատակին հասնելու ցանկացած դիվանագիտական ջանքի ու պատրաստ է իր կառուցողական ներդրումն ունենալ այդ հարցում»,- հավելել է դեսպանը։
ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ Ավագ գնդապետ Ան Ցյանն անդրադարձել է Հայաստանի ու Չինաստանի ռազմական համագործակցությանը։ ԱՆ Ցյանը նշել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը շատ ընդհանրություններ ունեն։
«Պատմության ընթացքում թե՛ Չինաստանը, թե՛ Հայաստանը բազմաթիվ դժվարությունների միջով են անցել ու կարողացել են դուրս գալ այդ ամենի միջից։ Սա այն հիմքն է, որով կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը նաև ռազմական ոլորտում։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու։ Միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության և ռազմական բարեփոխումների ոլորտում նույնպես կարող ենք համագործակցել։ Այդ ոլորտները համագործակցության մեծ հնարավորություն ունեն։ Ես ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգանա։ Պետք է համախմբվել ու սերտ համագործակցություն իրականացնել»,- նշել է նա։
ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական գծով կցորդ Ցայ Չունը ներկայացրել է հայ-չինական առևտրատնտեսական համագործակցությունը և արձանագրված ցուցանիշները։
«Առևտրատնտեսական համագործակցությունը Հայաստանի և Չինաստանի միջև գնալով աճում է և հեռանկարներն էլ ավելի մեծ են։ Ցանկանում եմ նշել, որ անցած տարվա վերջ մոտ 70․000 հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան՝ ստանալով 1․5 մլն գումարի եկամուտ, որը երկկողմ հարաբերությունների ընթացքում արձանագրված ամենամեծ ցուցանիշն է։ Սա վկայում է, որ հայկական որակյալ արտադրանքը շատ լավ է վաճառվում Չինաստանում, օրինակ՝ հայկական մեղրը։ Որքանով ես գիտեմ, Հայաստանն արտադրում է մոտ 3000-4000 տոննա մեղր, և մենք ցանկանում ենք, որ Չինաստանում է՛լ ավելի շատ այսպիսի արտադրանքներ լինեն։ Իրականում՝ արտահանումը դժվար է, քանի որ երկրների միջև տարածությունը շատ մեծ է։ Մենք շատ ենք ցանկանում, որ այսպիսի որակյալ արտադրանքներ՝ նամանավանդ մեղրը, է՛լ ավելի շատ լինեն, որպեսզի չինացի ժողովուրդն ավելի լավ ծանոթանա հայկական ապրանքներին»,- ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ Չինաստանն ուզում է, որ շատ ավելի շատ հայկական ձեռնարկություններ մասնակցեն Չինաստանում անցկացվող միջոցառումներին։
«Մենք ուզում ենք, որ ավելի շատ հայկական ձեռնարկություններ մասնակցեն Չինաստանում անցկացվող միջոցառումներին, որպեսզի ծանոթացնենք չինացի ժողովրդին հայկական արմատների հետ։ Չնայած իր փոքրությանը՝ Հայաստանը մեր կարևորագույն գործընկերներից մեկն է։ Երկարացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեզ համար շատ կարևոր է, քանի որ այն շատ արդյունավետ կլինի երկու կողմերի համար»,- հավելել է Ցայ Չունը։