ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ այցելած Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Պապիկյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Պաշտպանության նախարարը ողջունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակում մեկնարկած բարեփոխումները և պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև պատասխանել է պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ վերոնշյալ ոլորտներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, հայտնում են գերատեսչությունից։