Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԱՀ պետնախարարի խորհրդականի պաշտոնից, Բեգլարյանն այդ մասին հայտնել է իր Facebook-յան էջում։
«Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը»,-հայտնել է նա։
Բեգլարյանը նշել է, որ շարունակելու է ծառայությել հայրենիքին ու Ժողովրդին՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը:
«Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը»,-գրել է նա։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ վաղը հրաժարական է տալու։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։