Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը պատասխանել է քարոզարշավի օրերին քաղաքացիների կողմից ստացած հարցին, թե «Քաղացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելո՞ւ է։
«Իհարկե, բացառում եմ կոալիցիան ՔՊ-ի հետ»,-իր Facebook-յան էջում գրել է Մարությանը։
Մարությանը նշել է, որ պատճառների մասին խոսել է դեռ 2021-ին՝ իր պաշտոնանկության շուրջ ելույթի ժամանակ։
Նա նաև հայտարարել է, որ ինքը ոչ թե հրաժարական է տվել, այլ իրեն անհիմն են հեռացրել քաղաքապետի պաշտոնից։
Քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո որոշ ժամանակ անց Մարությանը հրապարկել էր մոնո-ներկայացման անոնսը, որը բուռն արձագանքների էր արժանացել: Ներկայացումների տոմսերը մի քանի ժամում սպառվել էին:
Օգոստոսի 8-ին Հայկ Մարությանը հայտարարել էր, որ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Նա «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու է։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: