«Stop wildberiies Armenia» նախաձեռնության անդամ Արման Թումասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կառավարությունը «Wildberries»-ին զսպելու նախագիծ է մշակում։
«Կառավարության ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ հարցը քննարկվում է։ Բայց մենք ոչ թե ուզում ենք զսպել, այլ փակել»,- ասել է նա՝ շեշտելով, սակայն, որ հայ տնտեսվարողները չեն կարող երկար սպասել, քանի որ, նրա խոսքով, «Wildberries»-ի պատճառով հայկական ընկերությունները խնդիրների՝ մասնավորապես, փակման առաջ են կանգնել։
«Մենք ժամանակ ենք տվել կառավարությանը, սակայն չենք պատրաստվում դադարեցնել մեր բողոքի գործողությունները»,- ասել է նա։
«Wildberries» ընկերությունը երեկ՝ սեպտեմբերի 6-ին, հայտարարել էր, որ ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Հայաստանյան տնտեսվարողները, սակայն, ընկերությանը մեղադրում են հայկական բիզնեսը վերացնելու մեջ, նշում, որ հայկական փոքր և միջին ձեռնարկությունները «մահվան» վտանգի առաջ են։
«Stop wildberiies Armenia» նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է արգելել ընկերության գործունեությունը Հայաստանում։ Այս պահանջով այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նախաձեռնության անդամները հավաքվել են կառավարության շենքի մոտ։