Հայաստանի համար «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան առաջիկա զորավարժությունների անվտանգային ազդեցությունը զրո է, բայց ՀՀ տարածքում այդ զորավարժություններն անցկացնելը մարտահրավեր է Իրանին ու ՌԴ-ին, Armenia Today-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ ընդգծելով նշվածից բխող հնարավոր ծանր հետևանքների մասին։
«Հայ-ամերիկյան առաջիկա զորավարժությունները ռազմական տեսանկյունից առոչինչ են, բայց Հայաստանը, փաստորեն, գործնականում հետ է կանգնում իր պայմանագրային պարտավորություններից, որոնք նախկինում կնքվել են ՌԴ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ»,-շեշտել է փորձագետը։
Հաշվի առնելով զորավարժությունների մասնակիցների թվաքանակն ու զինվածությունը՝ փորձագետը նշել է, որ խումբը փոքրաթիվ է։
«Եթե զորավարժությունը երկար տևի ու ԱՄՆ-ի կողմից խաղաղապահ առաքելություն իրականացնողների թիվը ավելանա, չեմ բացառում, որ ԱՄՆ ԶՈւ՝ Հայաստանում գտնվող ստորաբաժանումը, գուցե, ինչ-որ ժամանակով Հայաստանում խաղաղապահ առաքելություն իրականացնի այնպես, ինչպես ԵՄ դիտորդները»,-ասաց Նահապետյանը։
Փորձագետը վերոնշյալը չի բացառում՝ հաշվի առնելով հատկապես Հայաստանի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի մասով արված հայտարարությունները։
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենան զորավարժությունները Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, նա նշեց, որ դրանք չեն կարող դրական ազդեցություն ունենալ։ Այս տեսանկյունից նա բնական համարեց Մոսկվայի արձագանքները։
«ՌԴ նախագահի մամուլի խոսնակը զորավարժությունների վերաբերյալ արդեն իսկ խիստ բացասական է արտահայտվել։ ՌԴ-ն, որը պայմանագրային առումով ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, այսօր պատերազմում է ՆԱՏՕ անդամ պետությունների հետ։ Ինչպե՞ս պետք է ՌԴ-ն վերաբերվի այն հանգամանքին, երբ իր ռազմավարական դաշնակիցը՝ ՀՀ-ն, ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ին ՀՀ տարածքում զորավարժության է հրավիրում։ Հաշվի առնելով դաշնակցային հարաբերությունները, պատկերացրեք, թե ինչպիսի՞ արձագանք կլիներ ՀՀ-ից, եթե ՌԴ-ում ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական մեծ զորավարժություն անցկացվեր»,-նկատեց նա։
Ռազմական փորձագետը նշեց, որ թեպետ զորավարժությունների անվտանգային ազդեցությունը զրո է, բայց քաղաքական տեսանկյունից խիստ բացասական անդրադարձ են ունենալու։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը «ռազմավարական սխալ» էր անվանել Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից։ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ ավելի վաղ «դիտարկել են, թե ինչպես Ռուսաստանը մեկ օրում, ամսում կամ տարում լքեց Հարավային Կովկասը»։ Նույն հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն կատարում այն առաքելությունը, որն ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը և նշել, որ «Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աննա Բադալյան