Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում, Մոսկվան խորը կվերլուծի իրավիճակը, Intefax-ի փոխանցմամբ հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման լուրերը մտահոգություն են առաջացնում՝ հատկապես ներկա իրավիճակում: Մենք խորապես կվերլուծենք դրանք»,- ասել է Կրեմլի խոսնակը` ի պատասխան ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի ծրագրերը մեկնաբանելու խնդրանքին:
Լրագրողների այն նկատառմանը, որ Հայաստանի իշխանությունները նախկինում հրաժարվել էին իրենց տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, Պուտինի մամուլի քարտուղարն ասել է. «Երեկ մենք գործնականում պատասխանել ենք այս հարցին, այստեղ ավելացնելու նորություն չկա»։
Նախօրեին Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզի հետ, թե իբր Ռուսաստանը դուրս է եկել հայ-ադրբեջանական հակամարտության լուծումից և պատրաստվում է կամավոր հեռանալ այս տարածաշրջանից։
Չորեքշաբթի ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ից հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ կանցկացվեն Հայաստանի տարածքում։