ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանը նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված գնդացրով, հայտնել է ՔԿ-ն:
Նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-27 ընկած ժամանակահատվածում ոչ մարտական պայմաններում մահացել է 5 զինծառայող: Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը:
Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Նույն օրը ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը մահացել է կրակոցից:
Փորձագետը Armenia Today-ին տված հարցազրույցում նշել է բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահերը նվազեցնելու պայմանը: